Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Ցավոք, կան շատ լավ դերասաններ, որ խաղում են փոքր թվով հանդիսատեսի առաջ»

«Ցավոք, կան շատ լավ դերասաններ, որ խաղում են փոքր թվով  հանդիսատեսի առաջ»
02.10.2015 | 00:44

«Իրատեսի» զրուցակիցը Համազգային պետական թատրոնի դերասան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ է: Զրույցի թեման թատրոնն է, կինոն, մեր օրերում ապրող մարդն ու մեր իրականությունը:

-2015-ին արժանացաք «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի: Ի՞նչ է տալիս մրցանակը դերասանին:
-Առանձնապես ոչ մի բան, ոգևորում է դերասանին: Մի բան ավելանում է տանդ, մտածում ես, որտեղ դնես, որ չջարդվի: Այդքան բան: Օրինակ, «Օսկարը» դռներ է բացում, օսկարակիր դերասանների հոնորարները բարձր են, մեզ մոտ չկա նման բան: Երբ ֆիլմում նկարահանվելու առաջարկ են անում, առաջինը ասում են` բյուջե չկա: Եթե բյուջե չկա, էլ ի՞նչ բարձր հոնորարի մասին է խոսքը:
-Ի՞նչ եք կարծում, հանրությունը ճանաչո՞ւմ է ժամանակի լավագույն դերասաններին, թե՞ շատ նեղ է թատերասերների և թատերական աշխարհի մարդկանց շրջանակը:
-Ծաղկաձորում էի, ուր գնացի՝ ճանաչեցին` ոստիկանից սկսած: Բայց ես վստահ եմ, որ այդ ճանաչողները թատրոն չեն եկել, ինձ գիտեն հեռուստաէկրանից: Բոլորովին վերջերս Հանրապետության հրապարակում մի տղա մոտեցավ, ասաց` շատ ենք սիրում Ձեզ, Ձեր բոլոր ներկայացումները նայում ենք: Ինձ համար նա արդեն պրոֆեսիոնալ հանդիսատես է: Բայց բնական է, որ ավելի շատ էկրանից են հայտնի դառնում, քան թատրոնից:
-Ի՞նչը կարող է հանդիսատեսին բերել թատրոն` լավ ներկայացո՞ւմը, լավ դերասա՞նը:
-Երևի թե՝ պոպուլյար դերասանը: Ցավոք, կան շատ լավ դերասաններ, որ խաղում են փոքր թվով հանդիսատեսի առաջ: Թեև Համազգային թատրոնը չի դժգոհում հանդիսատեսի պակասից:
-Մարդկանց սոցիալական վիճակը կապ ունի՞ թատրոն գնալու-չգնալու հետ:
-Չէի ասի, միայն օպերայի թատրոնի հարևանությամբ գտնվող սրճարաններում երեկոյան ժամերին ինչքա՞ն մարդ կա: Հազար հինգ հարյուր դրամ չունե՞ն, որ երեկոն թատրոնում անցկացնեն: Գյուղերում, շրջաններում ուրիշ բան է, համաձայն եմ, ֆինանսը դեր խաղում է:
-Հաճախ ասում են, որ մենք ֆիլմեր ենք նկարահանում, ներկայացումներ ենք բեմադրում ինքներս մեզ համար: Ի՞նչ է պետք աշխարհի ուշադրությունը գրավելու համար:
-Դուրսը շատ մեծ պահանջներ է դնում քո առաջ` սկսած տեխնիկական հագեցածությունից: Մենք այսօր երկու լուսամփոփ կպցնում ենք իրար, ներկայացում ենք բեմադրում: Գումար չի հատկացվում ներկայացման համար: Ճիշտ է, թատրոնում առաջին դեմքը դերասանն է, դեկորը չէ, բայց այդ ամենը աչք է շոյում: Արտերկրում ներկայացում ես նայում, բեմը բացվում է, ասես հեքիաթի մեջ լինես, դրան գումարվում է դերասանի լավ խաղը, տուն ես գնում տպավորությունների տակ: Իսկ մեզ մոտ` բեմի վրա դուռը (դեկորը) բացվում է, չգիտես՝ կբացվի՞ արդյոք, թե՞ կբացվի-չի փակվի կամ վայր կընկնի: Այս տեսակ բեմադրական ձևավորմամբ չենք կարող դուրս գնալ:
-Քաղաքականությամբ զբաղվո՞ւմ եք:
-Բացարձակ: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»:
-Բայց քաղաքական ներկայացումներում խաղում եք, օրինակ` Կարեն Խաչատրյանի բեմադրած «Վիշապում»:
-Քաղաքական չէ, ինչո՞ւ է քաղաքական: Հա՜, քաղաքական սատիրա է:
-Վիշապը ներսի-դրսի թշնամուն մերկացնող, քաղաքական-հասարակական լուրջ խնդիրներ բարձրացնող ներկայացում է: Այս կե՞րպ է նաև արվեստագետն իր ձայնը բարձրացնում:
-Ես քաղաքական երանգ չէի տա այդ ներկայացմանը: Ավելի շուտ` մարդու այլասերումն է պատկերում, թե ինչպես են հարմարվում ստոր վիճակին: Ներկայացման մեջ ասվում է` վիշապից ազատվելու միակ միջոցը սեփական վիշապ ունենալն է: Սա ստրուկի հոգեբանություն է, քաղաքականությունը երկրորդ պլան է մղվում այստեղ:


-Պահանջարկ-առաջարկի մասին ի՞նչ կասեք: Աղբը մատուցում են` մատնանշելով պահանջարկը: Մինչդեռ տարբեր առիթներով համոզվում ենք, որ լավ կինո, լավ ներկայացում, բարձր արվեստ նախընտրող հանդիսատեսն էլ մեզանում քիչ չէ:
-Այո, մանավանդ շրջաններում շատ լավ հանդիսատես ունենք: Երևում է, որ, ասենք, այդ մարդն իր կոստյումը վերջին անգամ հագել է 15-20 տարի առաջ, կինը հին շրթներկով է, որ վաղուց չի օգտագործել, բայց գալիս են ներկայացման, ուզում են լավ ներկայացում դիտել: Տավուշի մարզի Չինարի գյուղում ցուցադրեցինք «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: 1991-ից այս կողմ կինոյի դահլիճը չէր բացվել, պատերին հնդկական կինոյի աֆիշներ կային: Լուսարձակ չկար (հոսանքը գյուղապետարանից էինք բերել): Ֆիլմից առաջ պետք է ներկայանայինք, լամպ էին պահում մեր դեմքին, որ խոսեինք: Բայց պետք է տեսնեիք այդ մարդկանց աչքերի փայլը. ջահել-ահել ուզում էին լավ բան նայել: Ինչ տաս, դա են նայելու: Ի՞նչ կատարվեց, որ բոլորը ռաբիս են լսում: 90-ականների արդյունքը չէ՞: Լավ բան երգեին, լավը կսովորեին: Այդ փուլում արմատացավ անճաշակությունը, ազդեց լայն մասսաների վրա ու, փաստորեն, ունենք այն, ինչ ունենք:
-Ինչո՞ւ կոմերցիոն ֆիլմերը մեծ մասամբ հաջողված չեն: Շատ փողն ու բարձրակարգ տեխնիկան, պարզվում է, բավարար չեն լավ ֆիլմ ունենալու համար:
-Երևի փողն ու տեխնիկան պետք է ճիշտ մարդու ձեռքը տալ: Բայց ժամանակի ընթացքում ամեն բան տեղը կընկնի: Տեսեք, սերիալներով սկսեցին, հիմա ֆիլմ են նկարահանում:
-Մեր իրականությո՞ւնն է ավելի մռայլ, թե՞ ֆիլմերը, որ հրամցնում են մեզ:
-Երևի սերիալները նկատի ունեք: Չեմ տեսել մի սերիալ, որ դրամապանակը բացեն, միջից կոպեկներ հանեն, քսանհազարանոցներ են հանում, միլիոններից են խոսում: Այսօր ո՞ւմ ձեռքը միլիոն կա: Գյուղ ես գնում, զարմանում ես, թե ոնց են ապրում այդ մարդիկ` չնչին կոպեկներով: Հերոս մարդիկ են: Մեր ցավն այն է, որ գյուղն ու քաղաքը խառնվեցին իրար: Իմ կարծիքով` մեր կինոն, թատրոնը կզարգանան այն ժամանակ, երբ մենք ունենանք հզոր տնտեսություն: Իսկ դա, վերջին հաշվով, կախված է նաև գյուղացու վիճակից: Այսօր գյուղացին փախչում է գյուղից, գալիս է Երևան, Երևանում ի՞նչ կա` չգիտեմ: Ես էլ եմ գյուղից, ես էլ եմ նեղվում այս վիճակից:
-Երևանո՞ւմ եք ապրում:
-Աշխատանքիս վայրը Երևանում է: Ես իմ գործով ի՞նչ կարող եմ անել Տավուշում: Բայց առհասարակ անելու շատ բան կա:
- 2014-ին` Նոր տարվա նախաշեմին, ցուցադրվեց «Արտավազդ-Շիդար» պիեսը: Հանդիսատեսից մեծ լարում էր պահանջվում այն դիտելու համար: Ի՞նչ է պահանջվում դերասանից` մարմնավորելու համար Շիդարին: Ավելի շատ «տալի՞ս» ես, թե՞ «վերցնում»:
-«Արտավազդից» հետո ես 2-3 կիլոգրամ նիհարում եմ: Մեկ ես եմ տալիս, մեկ՝ ինքը, մեկ ես եմ իրեն սիրում, մեկ` ինքը, ատում եմ նաև այդ դերը, ինքն էլ կարող է ինձ ատել, բայց շատ լավ է, ուս ուսի տված գնում ենք ես ու Արտավազդը: Շատ բարդ է, ներսումս հազար բան է խառնվում, մինչև խաղում-վերջացնում եմ:
-Դուք նաև ներկայացումներ եք բեմադրել, ո՞ր թեման, գործն է ամենաշատը գրավում Ձեզ:
-«Գիքորը» կբեմադրեի մեծ սիրով կամ կխաղայի: Միշտ` մանկության տարիներից, Գիքորն ինձ հետապնդել է: Ես Համբոյին եմ մեղադրում, Համբոյի բարդույթի մասին է այդ գործը: Նրա կյանքը չի ստացվել, ուզում է իր երեխան ինչ-որ բանի հասնի: Այնքան անգրագետ է, որ չի հասկանում, թե ինչու է այդ մատղաշ երեխուն ղրկում այդ անիրավ աշխարհը...
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Նկարահանվում եմ երկու ֆիլմում: Եվս երկու ֆիլմ է նախատեսվում, նկարահանումները դեռ չեն սկսվել: Աշնանը Համազգայինում կլինի նաև ներկայացման պրեմիերա: Առայժմ փակագծեր չեմ բացում:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ